Փաստաբանների վրա աշխատանքային օրենսգիրքը չի տարածվում, հետեւաբար` նրանք գործադուլ անել չեն կարող: Այդ մասին, այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով մոտ 200 փաստաբանների այն հայտարարությանը, որ հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ են անելու: «Ինչ-որ բան են մոգոնել, որ դատական նիստին չմասնակցելը կդիտվի որպես ուսումնական պրոցեսին կամ սեմինարին մասնակցություն»,- ասաց Հ. Թովմասյանը:
Ըստ Հ. Թովմասյանի` խնդիրը հետեւյալում է` արդյոք վճռաբեկ դատարանը գործերը քննության ընդունելիս ունի՞ միասնական պրակտիկա, թե՞ չկա նման բան: Նա չբացառեց, որ կլինեն օրենսդրական փոփոխություններ, սակայն հիշեցրեց Ամերիկյան գերագույն դատարանի նշանաբանը. «Մենք ճիշտ ենք, ոչ թե, որ ճիշտ ենք, մենք ճիշտ ենք, որովհետեւ վերջինն ենք»:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վճռաբեկ դատարանի նիստերը պետք է ձայնագրվեն, ու հանրությանը մատչելի դառնան: Նա խոստացավ, որ առաջիկա 4 տարիների ընթացքում դատաիրավական բարեփոխումների ծրագրով շատ հարցերի պատասխաններ կտրվեն:



























