Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 7-ին, որոշել է փոխել փողոցային երթեւեկությունը կարգավորող գծանշումների գույները: Նշենք, որ ՀՀ կառավարության 2007 թ. որոշման համաձայն` հետիոտնային անցումների գծանշումները կատարվում են սպիտակ գույնով, կանգառներինը` դեղին գույնով, իսկ ճանապարհների եզրային պատերինը` սեւ կամ սպիտակ:
Սակայն, ՀՀ ոստիկանության կարծիքով, այդ գույներն այնքան էլ հստակ տեսանելի չեն երթեւեկության մասնակիցների համար:
Այդ պատճառով որոշվեց, որ այսուհետ հետիոտների անցումների գծանշումները կկատարվեն դեղին գույնով, կանգառներինը` կարմիր, ճանապարհների եզրային պատերինը` կապույտ ու սպիտակ, կամ կարմիր ու սպիտակ:
Նշենք, որ Երեւանում բազմաթիվ փողոցներում արդեն իսկ հետիոտների համար նախատեսված գծանշումներն իրականացվում են դեղին գույնով:




























