Բելգիայում կալանավորել են արմատական իսլամիստական «Շարիաթը Բելգիայի համար» (Sharia4Belgium) շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ֆուադ Բելքասեմին: Նրա նկատմամբ կարող է ապստամբության դրդելու մեղադրանք առաջադրվել:
Բելգիական լրատվամիջոցները փոխանցմամբ, տեղական իշխանությունները փակել են արմատական այս խմբավորման նույնանուն կայքը:
Հիշեցնենք, որ Բելգիայի Մոլենբեկ-Սեն-Ժան քաղաքում նախորդ շաբաթ մահմեդական երիտասարդության կողմից բողոքի ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել էր նիքաբով մի կնոջ:
Ոստիկանական բաժնի մոտ են հավաքվել մահմեդական երիտասարդներ, պահանջելով ազատ արձակել մահմեդական կնոջը, ով հարվածել էր կին ոստիկանին, երբ վերջինս փորձել էր հեռացնել կնոջ նիքաբը:
Ոստիկանության հետ բախումների արդյունքում ձերբակալվել են 10-ից ավելի երիտասարդներ, ովքեր քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ: Ձերբակալվել են նաեւ երկու նիքաբով կանայք, ովքեր եղել են արմատական երիտասարդների հետ:
Միջադեպից անմիջապես օգտվել է «Շարիաթը Բելգիայի համար» շարժումը, որը մամուլի ասուլիս է հրավիրել օրինախախտ կնոջ մասնակցությամբ: Շարժման ներկայացուցիչ Ֆուադ Բելքասեմը ողջ պատասխանատվությունը դրել է ոստիկանության վրա: Նա պնդել է, որ «սատանայի ծառաները» քիչ է մնացել խեղդեն աղջկան, պոկելով նրա վրայից նիքաբն ու ներքնաշորերը, հաղորդում է «74mail.ru»-ն:
Բելգիայի ՆԳ նախարար Ժոել Միլկեն իր կողմից հայտարարել է, որ Բելքասեմի սադրիչ հայտարարությունները անպատասխան չեն մնա:
Նշենք, որ «Շարիաթը Բելգիայի համար» շարժման արդեն փակված կայքը երկար ժամանակ բելգիացիներին կոչ էր անում իսլամ ընդունել կամ «պատրաստ լինել հետեւանքներին»:




























