Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովը: Ավելի քան 60 երկրներից ժամանած պատվիրակների ելույթների եւ քննարկումների նպատակը անվտանգության տարբեր ուղղություններով` էներգետիկ անվտանգության, տեղեկատվական անվտանգության եւ այլ ոլորտներում առկա մարտահրավերների վերհանումը եւ հաղթահարման ուղիների նախանշումն է:

«Գլոբալ էներգետիկ անվտանգության հիմնական ուղղությունները եւ մարտահրավերները» թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ անդրադարձել է Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային ասպեկտներին: ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ որպես տնտեսական կայուն զարգացման երաշխիք, Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս էներգետիկ անվտանգության ապահովմանը, ինչը ենթադրում է էներգետիկ ռեսուրսների եւ ուղիների դիվերսիֆիկացում, նոր էներգետիկ աղբյուրների ստեղծում, սեփական վերականգնվող էներգառեսուրսների հզորությունների մեծացում եւ հիդրոէլեկտրակայանների համակարգի զարգացում:

ԱԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային համագործակցության կարեւորությունն այս ոլորտում` նշելով, որ Ռուսաստանի եւ Իրանի հետ արդեն իսկ ընթացքի մեջ են մի շարք երկկողմ էներգետիկ պրոյեկտներ, լուրջ համագործակցություն ծավալվելու ներուժ կա ԵՄ-ի եւ ԵՄ անդամ առանձին երկրների հետ: «Վաշինգտոնյան գագաթնաժողովում մեծ նշանակություն տրվեց միջազգային համագործակցությանը միջուկային էներգետիկայի բնագավառում, եւ այսօր Հայաստանը արդյունավետորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարի համոզմամբ, անկախ ներկրող կամ արտահանող լինելու հանգամանքից, հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներն էլ պետք է շահագրգիռ լինեն էներգետիկայի բնագավառում կանխատեսելիությամբ եւ կարեւորել է կայունությունը էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաեւ ընդգծել է քաղաքական նպատակներով տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանը շրջանցելուն ուղղված  գործողությունների անընդունելիությունը: Այս առումով անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիարժեքորեն ներգրավվեն Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության համակարգի կազմավորման գործընթացում, որտեղ պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների շահերը, իսկ միջազգային հանրությունը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի այս խնդիրներին:

Համաժողովի ընթացքում այսօր Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվշանքար Մենոնի, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի, Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության խորացման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: