Սոչիում տվյալ պահին իրավիճակը հանգիստ է, իրավախախտումների նշաններ չկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը, ով ներկայումս Սոչիում է գտնվում:
Նրա խոսքով, պրոֆիլակտիկ աշխատանք է տարվել ազգային համայնքների ղեկավարների հետ, բացի այդ, Սոչի են ժամանել Չեչնիայի եւ Դաղստանի ներկայացուցիչները եւ դաստիարակաչական աշխատանք տարել Սոչիում աշխատելու համար եկած չեչեն եւ դաղստանցի բանվորների հետ: «Տեղական հակամարտության նշաններ չկան»,-նշեց Անանյանցը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 9-ին կլոր սեղան կկազմակերպվի` տեղի բնակչության եւ շինարարների միջեւ հարաբերությունների նորմալացման հարցերով: Միջոցառմանը մտադիր է մասնակցել նաեւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Հրավիրված են նաեւ պատգամավորներ, երկրամասի եւ քաղաքի ղեկավարությունը: «Մեր խնդիրը կրքերը չթեժացնելն է: Անհրաժեշտ է պահպանել հանգստությունն ու կանխել ընդհարումները»,-ընդգծեց Անանյանցը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, լարվածությունն սկսվել էր մայիսի 1-ից հետո, երբ Սոչիում զնգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել` հարյուր մարդու մասնակցությամբ: Կռվի ժամանակ դանակահարվել եւ մահացել էր 24-ամյա Յուրի Գարանյանը:
Մայիսի 26-ին ոստիկանությունը կասեցրել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի հայերի եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ձերբակալել էր մոտ 250 հոգի: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին:
Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ էին կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել էին օլիմպիական ավան: Բանվորներն անմիջապես ոստիկանություն էին կանչել: Դեպքի վայր էր ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը:



























