Իսլամական Իրանը, ըստ ամենայնի, հանգիստ չի տալիս Ադրբեջանին, եւ դա հատկապես երեւաց «Եվրատեսիլի» ժամանակ: Սակայն արմատներն ավելի խորն են, հաղորդում է «Deutsche Welle»-ն:

Ադրբեջանի լավ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ Թեհրանի «կոկորդին ոսկոր» են դարձել: Իսրայելը Ադրբեջանին ռազմական սպառազինություններ է մատակարարում, իսկ վերջին տեղեկությունները բացահայտեցին Իրանին հարվածելու համար Ադրբեջանի ռազմաօդային բազաներից օգտվելու Իսրայելի մտադրությունները:

«Եվրատեսիլի» նախաշեմին  իրանական բոլոր պետական ԶԼՄ-ները քննադատության ենթարկեցին Ադրբեջանին «հակաիսլամական շոուի» համար: Ադրբեջանն արձագանքեց «Եվրատեսիլից» միայն մի քանի օր անց:

Ինչպես նշել էր մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, «կրոնապետական պետությունը ցանկանում է ձեւավորել մեր քաղաքականությունը»:

Նույնատիպ տեսակետ ունի Բեռլինում բնակվող Ադրբեջանի հարցերով փորձագետ Ահմեդ Օմիդ Յազդանին: «Ադրբեջանի լավ հարաբերությունները Իսրայելի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ անհանգստացնում են Իրանին: Ադրբեջանը կողմնորոշվում է  դեպի արեւմուտք, իսկ Իրանը դա տանել չի կարողանում»,-հայտարարել է Յազդանին: Հակամարտության մյուս պատճառը Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների բարձր մակարդակն է, հիշեցրել է նա:

Արտաքին քաղաքականության հարցերով գերմանական խորհրդի (DGAP)  փորձագետ Ստեֆան Մեյստերի կարծիքով, Ադրբեջանը վախենում է իր հարավային հարեւանի ազդեցությունից  եւ իսլամացումից:

Մեյստերի կարծիքով` արեւմտյան երկրները պետք է աջակցեն Ադրբեջանին, սական ուղղակիորեն չմիջամտեն նրա ներքին քաղաքականությանը  եւ նրան չհրահրեն Իրանի դեմ քայլերի: Նրա կարծիքով` անհրաժեշտ է վստահություն եւ համագործակցություն հաստատել մի շարք այլ ոլորտներում, օրինակ, թմրանյութերի դեմ պայքարում կամ տնտեսական հարբերություններում: Հարցն այն է, թե որքանով են դրան պատրաստ թե Թեհրանը, թե Բաքուն: