Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 7-ին, աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:
Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը կարեւորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը եւս ակտիվ աշխատանք է սկսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ Նախագահին հանձնելով ոսկե մեդալը եւ բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նման պատվի արժանացնելու համար:
Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:
Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի սոցիալիստական Հանրապետություն:

































