Ռուս գործարար Վիկտոր Բուտը ԱՄՆ-ում 25 տարվա պատիժը կկրի ահաբեկչական կազմակերպությունների եւ հանցավոր խմբավորումների առաջնորդների համար նախատեսված հատուկ բլոկում:

Բուտին Նյու Յորքի քննչական մեկուսարանից տեղափոխել են Իլինոյս նահանգի USP Marion բանտ: Գործարարի պաշտպանությունը չի վիճարկի ԱՄՆ-ի դատարանի որոշումը, գրում է  «Կոմերսանտը»:

Թերթը գրում է, որ նման հատուկ բլոկների կենվորների իրավունքները զգալի սահմանափակված են. նրանց շաբաթական ընդամենը մեկ անգամ թույլ են տալիս 15 րոպե տեւողությամբ զանգ կատարել: Տեսակցություններն ամսական երկու անգամ երկու ժամով են թույլատրվում, ընդ որում` անձնական շփումը բացառվում է: Նա հյուրի հետ կարող է հանդիպել ապակիով բաժանված սենյակում, իսկ զրույցը տեղի է ունենում հեռախոսով:

Հեռախոսազրույցները պետք է տարվեն անգլերենով: Նամակագրությունը պետք է բանտային գրաքննություն անցնի, իսկ նամակները պարտադիր կարգով պատճենվում են:

Հիշեցնենք, նախօրեին լրատվամիջոցները գրել էին, որ Բուտին կարող են փոխանակել ՌԴ ԱԴԾ նախկին գնդապետ Վալերի Միխայլովի հետ, որը Ռուսաստանում 18 տարվա ազատազրկման է դատապարտվել` ԱՄՆ-ին գերգաղտնի փաստաթղթեր հանձնելու համար: