Իրանցիները տրվել են համացանցում հայտնված լուրին եւ ողջ գիշեր Լուսնի վրա Pepsi-ի լոգոտիպն են փնտրել:

Բանն այն է, որ համացանցում տեղեկություն է հայտնվել, որ հունիսի 5-ին, ամերիկյան հայտնի Pepsi ընկերությունը հզոր լազերների օգնությամբ Լուսնի վրա պետք է պրոյեկտի իր հայտնի կապույտ-սպիտակ-կարմիր լոգոտիպը:

Հազարավոր դյուրահավատ իրանցիներ բարձրացել են տների տանիքները, հույս ունենալով Լուսնի վրա տեսնել գովազդի վերջին ճիչը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեկ ժամ շարունակ նրանք աչքները չեն կտրել Լուսնից, սակայն այդպես էլ ոչինչ չեն տեսել: Համացանցում հայտնվել են սկզբում հիասթափության, ապա նաեւ զայրացած մեկնաբանություններ` ուղղված կատակի հեղինակներին:

Կատակին զոհ է դարձել նաեւ IRNA գործակալությունը, որը հարցազրույց է վերցրել գովազդի մի մասնագետից, ով ասել է, որ վերջին ժամանակներս գովազդի ասպարեզում նոր տեխնոլոգիաներ են ստեղծվել: