ՆԱՏՕ-ն ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում տեղ գտած միջադեպերի կապակցությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի համակարգող սպա Ուիլիամ Լաուն:

«ՆԱՏՕ-ն հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի», - ասել է  նա: Ուիլյամ Լաուն նշել է, որ Դաշինքը բանակցային գործընթացի մասնակից չէ եւ աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 AZE.az-ի փոխանցմամբ, Բաքվում տեղի է ունենում միջազգային կոնֆերանս` «Չիկագոյի գագաթաժողովից հետո Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, հեռանկարների նոր հնարավորություններ» թեմայով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը,  հունիսի առաջին օրերը «պսակվել են» Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքներով: 

Հունիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը խախտել էին Հայաստանի սահմանը եւ սադրիչ գործողություններ էին իրականացրել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերում:  Հայ երեք  զինծառայողներ զոհվել, 6-ը վիրավորվել էին:

Հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը նահանջել էր` կորուստներ կրելով: 

Հունիսի 5-ի գիշերը այդ նույն տարածքում իրագործվել էր նոր սադրանք, որին դիմակայել են հայ զինվորները: Զոհվել են ադրբեջանական 5 զինվոր, շատերը վիրավորվել: Հայկական կողմը զոհեր չի տվել:

Նոր ադրբեջանական սադրանքն իրականացվել էր հունիսի 6-ի գիշերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանի շփման  գծի հարավային ուղղությամբ (Հորադիս): Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը նշանակալի կորուստներ էր կրել: Հայկական կողմից զոհվել էր 1 զինծառայող, երկուսը` վիրավորվել:

Եւս մեկ ներխուժում տեղի էր ունեցել հունիսի 6-ի երեկոյան Ճամբարակի ուղղությամբ: Զոհեր եւ վիրավորներ հայկական կողմից չկան: