"ՍԴՀԿ՝ նախօրեին Ծաղկաձորում տեղի ունեցած համագումարն անկյունադարձային էր եւ օրինական. կենտրոնական վարչությունն արդեն իսկ ընդունել է համագումարի արդյունքները եւ շնորհավորել նոր ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանին ",- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը՝ անդրադառնալով ներկուսակցական խմորումներին։
Նշելով, որ «Հնչակյան կուսակցությունն ինքնուրույն կուսակցություն է», նա ընդգծեց, որ կենտրոնական վարչությունը հայաստանյան կառույցին ոչինչ չի հուշել եւ նրա՝ երկու օր առաջ կայացրած որոշումը՝ կուսակցության շարքերից հեռացնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, միայն եւ միայն հայաստանյան կառույցի որոշումն է։
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ-ի՝ երեկ տարածած հայտարարությունը, որով քաղաքական այդ ուժը ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ղեկավար է ճանաչում Լյուդմիլա Սարգսյանին, Սեդրակ Աճեմյանը նկատեց, «որ ոչ ոք իրավունք չունի միջամտել կուսակցության ներքին գործերին՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ կոնգրեսը»։
Ասուլիսի մյուս բանախոս, ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանն իր հերթին նշեց, որ համագումարի որոշումներն օրինական են, եւ հենց դրանց հիման վրա է որոշվել կուսակցությունից հեռացնել Լյուդմիլա Սարգսյանին եւ Գուրգեն Եղիազարյանին։ «Ինչ վերաբերում է նրան, որ կուսակցության կնիքը գտնվում է Լյուդմիլա Սարգսյանի մոտ, ապա դա բոլորովին պատահաբար է եղել, երբ նա կուսակցության անդամ չի եղել, այլ պարզապես գրասենյակի տեխնիկական աշխատող»,- տեղեկացրեց նա։ Հարցին, թե ինչպե՞ս կարող էր կուսակցության կնիքը հայտնվել «տեխնիկական աշխատողի» մոտ, Վ. Շիրխանյանը չհստակեցրեց։
Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ իրենց կուսակցությանը վերաբերող հայտարարությանը՝ նա նշեց, որ ՍԴՀԿ 19-րդ, ինչպես նաեւ վերջին համագումարում որոշում է ընդունվել շարունակել համագործակցությունը Կոնգրեսի հետ՝ ավելացնելով նաեւ, որ թիվ 10 ընտրատարածքում կայանալիք պատգամավորական ընտրություններում իրենք սատարելու են Նիկոլ Փաշինյանին։
Եզրափակելով՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը հայտարարեց, որ «կենտրոնական վարչությունն անելիք չունի հունվարի 9-ին Լյուդմիլա Սարգսյանի կողմից նախաձեռնված համագումարին», քանի որ վերջինս կուսակցության անդամ չէ եւ համագումար հրավիրելու իրավունք չունի։




























