Եթե ընդդիմությանը որեւէ բան դուր չի գալիս, թող մտնի կոալիցիա եւ սկսի աշխատել հանուն երկրի բարօրության: Այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Կոալիցիոն փաստաթուղթը, ավելացրել է նա, բաց է համագործակցության համար եւ նրան կարող են միանալ այլ կուսակցություններ:

«Ես, իհարկե, կուզեի, որ նրան շատ քաղաքական ուժեր միանային, որոնք իրենց վրա կվերցնեին երկրի կառավարման պատասխանատվությունը», – ասել է Դավթյանը:

Նրա խոսքով, ընդդիմությունը միշտ իրականությունը սեւ գույնով է ներկայացնում եւ պնդում է, որ Հայաստանում ամեն ինչ քանդվում է:  «Պատմությունը փաստում է. երբ նման խնդիրներ իսկապես ծագել են, ձեւավորվել է ազգային միասնության կառավարություն, օրինակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանիայում: Ինչո՞ւ ամեն ինչ միասին չանել: Այնինչ ընդդիմությունը, թեեւ խոսում է թերությունների մասին, սակայն նրանց հաղթահարման համար չի փորձում համագործակցել», – նշել է Դավթյանը:

Խոսելով «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` իշխանության հետ կոալիցիայից դուրս կառուցողական երկխոսության  հայտարարության մասին` Դավթյանը նշել է, որ այդ խոսքերին  «ցանկանում է հավատալ»: «Թե  դրանք որքանով իրական կլինեն, կերեւա հետագայում», – եզրակացրել է նա: