Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, կապված վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել հրադադարի խատման դեպքեր, ինչը հանգեցրել է ողբերգական հետեւանքների։ Ադրբեջանի ռազմական մեքենան դիվերսիոն հարձակումներ է գործել սահմանային Չինարի, Ոսկեպար, Ճամբարակ, Հորադիզ բնակավայրերի շրջաններում, ինչի հետեւանքով կան մարդկային զոհեր եւ ավերածություններ։ Դիվերսիոն հարձակումները հետ մղելիս զոհված զինծառայողները Հայաստանի հանրապետության հերոսներ են։ Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է զոհվածների հարազատներին եւ իր զորակցությունը հայտնում սահմանամերձ գոտու բնակիչներին։

Ակնհայտ է, որ գործելով մարդկային կյանքեր արժեցած այս բացահայտ դիվերսիան, քստմնելի հանցագործությունը՝ Ադրբեջանը յուրահատուկ քաղաքական ուղերձ է հղում Հայաստանին եւ միջազգային հանրությանը։ Սրանով նա ողջ աշխարհին շանտաժի է ենթարկում՝ ռազմական գործողությունների դիմելու միջոցով փոխել հաստատված ստատուս քվոն։

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցավոր գործողությունները։ Դրանցով նա խախտում է նաեւ ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ագրեսիայի դիմելու եւ լայնածավալ պատերազմ հրահրելու դեպքում հանդիպելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի եւ ժողովուրդների միահամուռ դիմադրությանը»: