Թեեւ 2012 թ. պետական գնումների օրենքը եւ հայեցակարգը փոխվել է, այս ոլորտում դեռ մի շարք չլուծված խնդիրներ կան: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում մասաց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով` կառավարությանն առաջարկվել է մինչեւ 10-15 % թանկ գին առաջարկելու դեպքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին: Ըստ Գ. Մակարյանի` կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի գնումներ է իրականացնում յուրաքանչյուր տարի, ինչը տնտեսության խթանման կարեւոր գործիք կարող է հանդիսանալ:

«Բայց վերջին շրջանում կառավարությունը տուրք է տալիս մեկ աղբյուրից գնման գործընթացին, որը կարող է ավելի նեղ ու շահադիտական ուղղվածություն ունենալ»,- ասաց Գ. Մակարյանը: Այնինչ, ըստ Գ. Մակարյանի, մեկ աղբյուրից գնումները պետք է իրականացվեն բացառիկ դեպքերում, ինչը նաեւ օրենքի պահանջ է:

«Կառավարության նման մոտեցումը գուցեեւ խթանում է տվյալ ընկերությանը, սակայն չի խթանում մրցակցությունը»,- ասաց Գ. Մակարյանը: