Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հրաժարվել է ընտրության հատուկ պայմաններից եւ իր պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու մտքից:

Ի պատասխան Չեչնիայի խորհրդարանի առաջարկի` հանել անընդմեջ երկու անգամից ավելի հանրապետության ղեկավար վերընտրվելու հնարավորության սահմանափակումը եւ «ազգային առաջնորդի» կարգավիճակ ներդնել, Քադիրովը հայտարարել է, որ Չեչնիան ՌԴ լիիրավ սուբյեկտ է, ապրում է ռուսական օրենքներով եւ կարիք չունի ընտրությունների հատուկ պայմանների:

«Հանրապետությունը պատրաստ է դաշնային օրենքների համաձայն օրինական, թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնել` ՌԴ բոլոր մյուս սուբյեկտների հետ հավասար պայմաններով»,-հայտարարել է Քադիրովը, հաղորդում է Trud  թերթը:

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է նահանգապետերին անընդմեջ երկու անգամից ավելի լինել իրենց պաշտոնում:

Քադիրովը Չեչնիան գլխավորում է 2007-ից: 2011-ին նա այդ պաշտոնում նշանակվել է երկրորդ անգամ: