Այսօր` հունիսի 8-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Ջուջեւան համայնքում (Նոյեմբերյանի տարածաշրջան), ինչը լուրջ վնասներ է պատճառել գյուղին:
NEWS.am-ի Տավուշի մարզի թղթակցի հետ զրւոյցում Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը տեղեկացրեց, որ շուրջ 15 րոպե տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղի ցանքատարածությունները, բայց, ըստ գյուղապետի, գյուղացիները դրա վրա այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում:
Բանն այն է, որ կարկուտը վնասել է նաեւ գյուղերի տների 50 տոկոսից ավելիի տանիքներն ու ապակիները, լուրջ վնասներ են կրել այդ պահին գյուղում կայանված մեքենաները: Նրա ներկայացմամբ, ապահովագրական ընկերությունները հրաժարվել են փոխհատուցել կարկտահարության վնասները:
Ըստ գյուղապետի, կարկուտը թեթեւ վնասներ է հասցրել նաեւ սարերում գտնվող հովիվներից մի քանիսին, վնասել էլեկտրալարերը: «Հիմա էլցանցն աշխատում է, բայց վնասված էլեկտրալարեր կան: Կարկուտի հետնց պահին ահազանգել ենք մարզպետին եւ վերջինս հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար: Հույս ունենք, որ գոնե կառավարությունը որեւէ միջոց կձեռնարկի գյուղացիներին աջակցելուն ուղղված»,-ասաց Ժ. Չիլինգարյանըմ, հավելելով, որ կարկուտի հատիկները եղել են ձվի մեծությամբ:
Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նման ուժեղ կարկուտ մարզի տարածքում առաջին անգամ է լինում: Նրանք կարկուտի մեծ կտորներից վերցրել եւ պահել են սառնարաններում, որպեսզի դրանք ցույց տան մարզպետարանի կողմից ուղարկված հանձնաժողովին, ինչպես նաեւ լուսանկարել են վնասված բնակելի տները:
Այս պահին Ջուջեւանցիները գյուղապեռտի գլխավորությամբ հավաքված են գյուղապետարանի դիմաց եւ քննարկում են տեղի ունեցածը:


Լուսանկարները` Aravot.am-ի




























