Հինգշաբթի Մերձավոր Արեւելքի երկնակամարում հայտնված լուսե գունդը կարող է ռուսական բալիստիկ հրթիռ լինել, գրում է ամերիկյան «Space.com» կայքը: «ՉԹՕ»-ի հետքը, ծուխն ու պտույտը տեսանելի է եղել Հայաստանում, Թուրքիայում, Կիպրոսում, Իսրայելում, Լիբանանում, Հորդանանում, մերձավորարեւելյան մյուս երկրներում:

Ինչպես հաղորդել  է ամերիկյան NBC հեռուստաալիքը, երկնային երեւույթի տեսանյութերը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք են տվել:  Այսպես, ոմանք դա լավ նշան են համարել սիրիական եհղափոխության համար, մյուսները` որպես քիմիական զենքի վատ նախանշան:

Օբյեկտը նկատել են նաեւ իսրայելցի աստղագետները, սակայն դժվարացել են նշել ծագումը, գրում է Ynet-ը:

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին, հունիսի 8 –ին հաջողությամբ իրականացվել է միջմայրացամաքային բալիստիկ հրթիռի փորձնական գործարկումը` Աստրախանի հրաձգարանից դեպի Ղազախստանի Սարի Շագան հրաձգարան: Ինչպես հաղորդել են նախարարության ներկայացուցիչները, առաջադրանքի նպատակներն ամբողջությամբ իրականացվել են: Թողարկման նպատակը հակահրթիռային պաշտպանության համակագի հնարավորությունների ստուգումն էր: