Լեռնային Ղարաբաղի ճանապարհային ոստիկանության ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում ընդլայնվել են երթեւեկության ավելի անվտանգ կազմակերպման հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ճանապարհային ոստիկանության պետ Լեւոն Գաբրիելյանը:
Նա նշել է, որ մայրաքաղաքի ճանապարհների նեղությունը եւ օր-օրի շատացող ավտոմեքենաների քանակը դժվարություններ են առաջացնում:
Լեւոն Գաբրիելյանի խոսքով, ուսումնասիրելով ճանապարհատրանսպորտային վթարները հանրապետական նշանակության Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Հադրութ, Ստեփանակերտ-Շուշի-Բերդաձոր, Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհներին, ճանապարհային ոստիկանության վարչությունում եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է քարե արգելապատնեշներ տեղադրել ճանապարհների ոլորաններին:
Ավարտման փուլում է գտնվում ճանապարհային ոստիկանության հենակետի կառուցումը:
Խստացվել է ճանապարհային խախտումների դեմ մղվող պայքարը: Շարունակվում է պայքարը նաեւ կաշառակերության դեմ, կաշառք վերցնելու համար աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության մի տեսուչ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գնահատմամբ, ճանապարհային ոստիկանությունը երկրի անվտանգության ապահովման կարեւոր օղակներից է, եւ պետությունն ուշադրության կենտրոնում է պահում նրա խնդիրները:




























