Իսպանիայի բանկերն ունեն 40 միլիարդ եվրոյի կարիք վերակապիտալիզացիայի համար, հաշվարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները։

Ինչպես հաղորդվում է ԱՄՀ-ի մամլո հաղորդագրության մեջ, այդ գումարը ձեւավորվել է սթրես-թեսթերի արդյունքներով, որոնք ԱՄՀ-ն անցկացրել է իսպանական բանկերի նկատմամբ, հայտնում է NEWSru.com-ը։

Ավելի վաղ՝ այս շաբաթ, միջազգային վարկանշային Fitch գործակալությունն Իսպանիայի վարկանիշն իջեցրել էր միանգամից երեք աստիճանով՝  «А»-ից «ВВВ», գնահատումը բացասական էր։ Գործակալությունը վերակապիտալիզացման անհրաժեշտ ծավալը գնահատել էր 60 միլիարդ եվրո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, ԱՄՀ-ն կարծում է, որ Իսպանիային անհրաժեշտ կլինի ֆինանսական օգնություն ցուցաբերել 90 միլիարդ եվրոյի չափով՝ բանկային հատվածի փրկության համար։ Ըստ ԱՄՀ-ի Եվրոպական ներկայացուցչության գնահատման՝  այդ գումարից 40 միլիարդ եվրոն բաժին է հասնում  երկրի խոշորագույն վարկային կազմակերպությունների կապիտալի դեֆիցիտին։