Քալիֆորնիայում թալանել են ուկրաինական նախկին վարչապետ Լազարենկոյի առանձնատունը: Տեղացի դեռահասները տանը խնջույք են կազմակերպել, որի ընթացքում մի քանի սենյակներ են թալանվել: Խնջույքից հետո առանձնատնից անհետացել է Պաբլո Պիկասոյի վիմագրությունը, որը նվազագույնը 30 հազար դոլար արժե, արծաթե մոմակալներ, նոթբուքեր եւ կաշվե վերարկու:
Մարինի շրջանում 6 հազար քմ մակերեսով առանձնատունը ձեռք էր բերվել Լազարենկոյի հետ կապված ընկերության կողմից` 1998 թվականին։ Տունը գնելուց քիչ ժամանակ անց Լազարենկոն, որն այն ժամանակ Ռադայի պատգամավոր էր, ձերբակալվել էր Շվեյցարիայում՝ ֆինանսական խարդախությունների կասկածանքով, հիշեցնում է RuFox-ը։
Գլխավոր դատախազության հարցմամբ, Ռադան հավանություն էր տվել Լազարենկոյի ձերբակալությանը, սակայն նա հասցրել էր մեկնել ԱՄՆ, որտեղ քաղաքական ապաստան էր խնդրել։ Սակայն ԱՄՆ-ում Լազարենկոն կալանքի տակ էր առնվել եւ նրան մեղադրանք էր ներկայացվել փողերի լվացման, խարդախության եւ ուկրաինական բյուջեից ավելի քան 100 միլիոն դոլար գողանալու մեջ։




























