Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 18-ին կայացած նիստում մերժել է քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի միջնորդությունը` «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ:

Պատճառն այն էր, որ Շամշյանը վճարել էր դատարանի կողմից նշանակված ողջ տուգանքը՝ 350 հազար դրամը եւ անդորրագիրը ներկայացրել դատարանին:

Հիշեցնենք, որ Շամշյանն ավելի վաղ էր վճարել 200 հազարը՝ պարտավորվելով վճարել մնացած մասը, սակայն քրեակատարողական վարչությունը տուգանքը հանրօգուտ աշխատանքներով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել: Ֆոտոլրագրողի կարծիքով՝ իշխանություններն այս կերպ մտադիր էին իրեն գոնե ժամանակավորապես զրկել մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Շամշյանին դատապարտել էր տուգանքի՝ իբր դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար, իսկ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը: Մի քանի օր անց վերաքննիչը ապօրինի հիմունքներով փորձել էր համաներել լրագրողին՝ «Սուս մնա, քեզ լավություն ենք անում» ասելով, սակայն Շամշյանը հասել էր նրան, որ ապօրինի որոշումը բեկանվի: