Լույս արձակող երեւույթը, որը երեւացել էր Հայաստանի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, լուրջ իրարանցում է առաջացրել Լիբանանում:
Տեղի The Daily Star թերթի փոխանցմամբ, անհասկանալի երեւույթը երկնքում երեւացել է Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումից մի քանի օր անց: Ոմանք պնդում են, որ անհասկանալի թռչող օբյեկտը ՉԹՕ չէ, այլ երկնաքարի մնացորդ:
Թերթի թղթակցի հետ զրույցում Լիբանանի աստղագիտական խմբի ներկայացուցիչ Ջոջեր Հաջարը, ով անձամբ չի տեսել օբյեկտը, հայտարարել է, որ ինքը չի կարող հաստատել, թե արդյոք դա աստղագիտական բնույթ է կրել, թե մարդկային գործոնի հետեւանք է:
«Տեսանյութից ելնելով, որը տեղադրվել է YouTube-ում, այն նման չէ երկնաքարի կամ աստղագիտական երեւույթի:
Մասնավորապես, արագությունը, որով շարժվում է անհասկանալի օբյեկտը, բավական փոքր է երկնաքարի համար»,-հայտարարել է նա, հավելելով, որ դժվարանում է հստակ պատասխան տալ, քանի որ անձամբ չի տեսել այն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:
Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ է տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել:
Տարօրինակ երեւույթը նկատել են Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում:
Հատկանշական է, որ լույս արձակող օբյեկտը նկատվել է Իսրայելում հարյուրավոր մարդկանց կողմից: Ոստիկանություն են ստացվել մի քանի հարյուր հաղորդագրություններ տարօրինակ լուսարձակող օբյեկտի վերաբերյալ: ՉԹՕ-ն տեսել էին երկրի բոլոր շրջանների բնակիչները:
Ոստիկանությունը կապվել էր ՑԱԽԱԼ-ի հետ` փորձելով պարզել անհասկանալի երեւույթի պատճառը, սակայն զինվորականները չեն կարողացել դա բացատրել:
Այն տեսել են նաեւ Լիբանանում, որի մասին հայտնել էր տեղական «Ալ Նահար» թերթի համացանցային կայքը: Նման հաղորդագրություններ էին ստացվել նաեւ սիրիաթուրքական սահմանից, հայտնում է «IsraelInfo»-ն:
Լիբանանյան թերթերը ենթադրել են, որ երկնքով անցել է խոշոր երկնաքար, սակայն իսրայելցի աստղագետները հերքել են այդ վարկածը: Ynet-ն առաջարկում է այլ բացատրություն. ամենայն հավանականությամբ, իսրայելցիները եւ լիբանանցիները տեսել են ռուսական միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը:
«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ «Տոպոլ» հրթիռի մեկնարկն իրականացվել էր մոսկովյան ժամանակով 21:39-ին` Աստրախանի շրջանում:



























