Ռուսաստանի մշակույթի նոր նախարար Վլադիմիր Մեդինսկին առաջարկել է դամբարանը ինչ-որ բանի բացօթյա թանգարան դարձնել, իսկ այնտեղ գտնվող պրոլետարիատի առաջնորդին հուղարկավորել բոլոր պատիվներով:

«Դամբարանը ճարտարապետական հուշարձան է եւ Կարմիր հրապարակի համալիրի անբաժանելի մասն է կազմում: Իհարկե, այն պետք է պահել եւ ինչ-որ բանի բացօթյա թանգարան դարձնել», - հայտարարել է նա «Էխո Մոսկվի» հեռուստակայանի եթերում:

Ինչ վերաբերում է Լենինի մարմնին, նախարարը նշել է. «…Ինչպես կարծում էի, այնպես էլ հիմա եմ կարծում, որ ցանկացած մարդու մարմին պետք է հողին հանձնվի, ինչպես ավանդվել է դարերով: Միաժամանակ ես կպահպանեի բոլոր անհրաժեշտ ծիսակարգերը:

Վլադիմիր Իլյիչը Ռուսաստանի գերագույն պաշտոնատար անձն էր, հետեւաբար հուղարկավորումը, եթե երբեւէ նման որոշում կայացվի, պետք է կատարվի պետական բոլոր պատշաճ ծիսակատարություններով, հարգանքի տուրքով, զինվորական հրավառությամբ, արժանի վայրում եւ այլն»:

«Հնարավոր է, իրոք, դրանից հետո մեր կյանքում ամեն ինչ դեպի լավը կփոխվի», - ամփոփել է Մեդինսկին:

Վլադիմիր Լենինի մարմինը դամբարանից հանելու վեճը շարունակվում է արդեն 20 տարի, նշում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Երկու տարի առաջ այդ հարցը քննարկվել է Պետդումայում: 

Իսկ նախորդ տարի Ռուսաստանի մշակույթի փոխնախարը, այժմ` միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկովը, հայտարարել է, որ Լենինի դամբարանի ճակատագիրը ընտրություններից հետո կորոշի երկրի քաղաքական ղեկավարությունը: