Ռուսաստանն առաջարկում է կոնֆերանս հրավիրել, որտեղ հնարավոր կլինի բանակցությունների սեղանի շուջ նստեցնել Սիրիայում հակամարտության կողմերին եւ կյանքի կոչել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նախազգուշացրել է, որ Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, որը հղի է իրավիճակի ապակայունացմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում:
Լավրովը մի քանի անգամ Սիրիայում ստեղծված իրավիճակը համեմատել է Հարավսլավիայում եւ Սիբիայում տեղի ունեցածի հետ եւ պնդել, որ Սիրիայի հարցով կոնֆերանսը պետք է լինի միակ ձեւաչափը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի կատարմանը նպաստելու համար:
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան տեղեկություններ ունի, որ Սիրիայի ընդդիմության գործողությունները տեղի են ունենում արտաքին ուժերի հրամանատարության ներքո: «Տվյալները շատ են, որ Սիրիայի ընդդիմությանը զենք եւ մարտունակությանը նպաստող այլ միջոցներ է մատակարարվում»,-ասել է ՌԴ նախարարը, հավելելով, որ հակամարտության բոլոր կողմերի նկատմամբ պետք է ճնշում գործադրվի, որպեսզի դադարեցվի բռնությունն այդ երկրում:
Լավրովը նշել է, որ ՄԱ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանը չի կորցրել իր արդիականությունը եւ պետք է ոչ թե դադարեցնել պլանի կատարումը, այլ կոնկրետացնել այն:



























