Թուրք գրող եւ լրագրողուհի Բանու Ավարը «Վաթան էմեք» թերթի կայքում տեղադրված հոդվածում նշել է, որ, Էրդողանի հայտարարած հարեւան երկրների հետ խնդիրների «զրոյացումը» վերածվել է նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների «զրոյացման», քանի որ ԱՄՆ-ն Անկարայից պահանջել էր ականազերծել Սիրիայի հետ սահմանի գոտին, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Գրողը հաստատել է, որ Սիրիա կատարած իր այցի ժամանակ գիտակցել է նրա դեմ ծավալված տեղեկատվական պատերազմի ծավալը, ընդգծելով, որ արեւմտյան լրատվամիջոցները սարքում եւ խեղաթյուրում են իրադարձությունները, իսկ նրանց համախոհները Թուրքիայում եւ այլ երկրներում նմանակում են արեւմտյան ոճին:
Քիլիս նահանգն այցելելով, որտեղ ճամբարներում ապրում են այսպես կոչված «սիրիական փախստականները», նրանց ավագներից մեկի հետ զրոյցում Բանու Ավարը պարզել է, որ նրանց մեծամասնությունը Սիրիան լքել էր թուրքական կառավարության` փոխարենը 20 հազար դոլար ստանալու խոստման դիմաց: Փախստականների 10%-ը իսրայելական «Մոսադ» հետախուզման եւ թուրքական հատուկ ծառայությունների գործակալներ են, իսկ 40%-ն էլ ոչ մի կապ չունեն սիրիական ընդդիմության հետ, այլ քրեական տարրեր են: Ըստ Ավարի տեղեկությունների` զինված սիրիական ընդդիմության կողմում կռվում են նաեւ լիբիական, թունիսյան եւ այլ վարձկաններ:
Լրագրողուհին հայտարարել էր, որ ըստ արեւմտյան լրատվամիջոցների մեկնաբանությունների, Արդարության եւ զարգացման կուսակցության կառավարությունը հոգնել է, եւ Արեւմուտքը չի բացառում քաղաքական ասպարեզից նրա հեռացման հնարավորությունը:
Ըստ Ավարի` դա հերթական անգամ հաստատում է, որ Արեւմուտքն օգտագործում է Թուրքիային որպես գործիք տարածաշրջանների երկրների նկատմամբ իր ծրագրերի իրագործման համար: Լրագրողուհին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ որ թուրք ժողովուրդն իր բողոքն է արտահայտում կառավարության նման ուղու համար:




























