Դեկտեմբերի 17-ին «Եվրասիա» հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում Երեւան ժամանած թուրքական հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին իրենց հայ գործընկերների հետ մասնակցել են «Հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի խնդիրը» անունը կրող քննարկմանը:
Հայ լրագրողները հիշեցրել են իրենց թուրք գործընկերներին, որ Թուրքիան տարիներ ի վեր` դեռեւս 20 դարի սկզբից միակողմանի պաշտպանել է ադրբեջանական շահը: Ի դեպ, թուրք լրագրողների մեջ կային այնպիսիք, ովքեր գտնում էին, որ հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի հարցը չպետք է արծարծվի:
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Թուրք լրագրողների կողմից վերջինիս տրվող հարցերը հիմնականում վերաբերում էին երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությանը Հայաստանի խորհրդարանում, եւ ինչ նկատի ունի հայկական կողմը՝ «ողջամիտ ժամկետ» ասելով:
Ազգային ժողովի պատգամավորը թուրք լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանը կատարում է եւ կկատարի արձանագրություններից բխող իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները եւ նման մոտեցում ակնկալում է նաեւ Թուրքիայից: Ըստ Զաքարյանի՝ արձանագրություններում չկան եւ անգամ դրանցից դուրս էլ չեն կարող լինել նախապայմաններ: ՀՀԿ-ական պատգամավորը նշել է նաեւ, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացվելու կամ դրանք խախտելու դեպքում` Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ միջազգային օրենքների շրջանակներում:
Hurriyet-ի լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի զինանշանի վրա կա Արարատ լեռը, որը ենթադրում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջ, իսկ ստորագրված արձանագրություններում կան երկկողմ սահմանների վերաբերյալ համապատասխան կետեր, դա չի՞ նշանակում, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրությունները հակասահմանադրական կարող է ճանաչել, Ազգային ժողովի պատգամավորը պատասխանեց, որ դա դժվար թե անդրադառնա Սահմանադրական դատարանի որոշման վրա:




























