Ամերիկյան զինվորականը, ով մասնակցել է Իրաքում եւ Աֆղանստանում իրականացված ռազմական գործողություններին, մեղադրվում է երկու կին ունենալու մեջ:
Գնդապետ Ջեյմս Ջոնսոնին սպառնում է երկար տարիների ազատազրկում եւ ազատում բանակից` զրկելով իրավունքներից եւ արտոնություններից: Մեղադրանքը վերաբերում է Իրաքի քաղաքացուհու հետ նրա կապերին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այդ կնոջ հետ Ջոնսոնը ծանոթացել է 2005-2006 թվականներին, երբ ծառայելիս է եղել Իրաքում: Երբ իրաքցի կինը արտագաղթել է Նիդերլանդներ, գնդապետն օգտվել է ծառայողական օդանավից, որպեսզի այցելի նրան: Բացի այդ, նա կնոջ մոտ է թողել իր բանակային բջջային հեռախոսը, որով կինը շուրջ 80 հազար դոլարի խոսել է:
Իրավիճակն այնպես է դասավորվել, որ սիրահարված զույգը ամուսնացել է նախքան Ջոնսոնը կամուսնալուծվեր իր նախկին կնոջից:
Հաղորդվում է, որ նախորդ տարի գնդապետը հեռացվել է 173-րդ ավիաբրիգադի հրամանատարությունից: Նա իր մեղքը հիմնականում ընդունում է, ռազմական տրիբունալը տեղի է ունենում Գերմանիայում:




























