Սոչիում հունիսի 9-ին տեղի է ունցել կլոր սեղան` նվիրված տեղի բնակիչների եւ եկվոր շինարարների հարաբերությունների կարգավորմանը: Միջոցառմանը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Չեչնիայի եւ Դաղստանի ղեկավարների վարչակազմերի ներկայացուցիչներ, քաղաքի եւ երկրամասի, տեղական ազգային համայնքների ղեկավարներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը:
Նրա խոսքով` հանդիպումը լավ է անցել, քննարկվել են հուզող բոլոր հարցերը. «Շատ վատ էր, որ նույն օրը Սոչիում եւս մեկ հայ սպանվեց»,-ասաց ՌՀՄ փոխնախագահը` ավելացնելով, որ ըստ ստացված տվյալների, սպանությունը քրեական հաշվեհարդարի հետեւանք է եղել, եւ ոչ մի ազգային պատճառ չունի: «Ընդհարման դեպքում մեղավոր կողմերն առնվազն երկուսն են»,-հիշեցրել է ՌՀՄ նախագահը` ավելացնելով, որ հայ բնակչությանն անհրաժեշտ է գործել բացառապես օրենքի շրջանակում եւ որեւէ միջադեպի դեպքում դիմել իրավապահներին, ոչ թե ինքնուրույն «պատժել»:
Կլոր սեղանից հետո ՌՀՄ նախագահը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մենք բոլորս պետք է մտածենք, ինչպես միասին ապրել հետագայում: Հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի: Մենք ակն ընդ ական մոտեցման կողմնակից չենք, սակայն անհրաժեշտ ենք համարում խստորեն պատժել բոլոր մեղավորներին»,-ընդգծեց Գերման Անանյանցը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, լարվածությունն սկսվել էր մայիսի 1-ից հետո, երբ Սոչիում զնգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել` հարյուր մարդու մասնակցությամբ: Կռվի ժամանակ դանակահարվել եւ մահացել էր 24-ամյա Յուրի Գարանյանը:
Մայիսի 26-ին ոստիկանությունը կասեցրել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի հայերի եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ձերբակալել էր մոտ 250 հոգի: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին:
Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ էին կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել էին օլիմպիական ավան: Բանվորներն անմիջապես ոստիկանություն էին կանչել: Դեպքի վայր էր ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը:




























