Հունիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային մասում ստացած ծակած-պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Մկրտիչ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Մկրտիչ Հ.-ն վնասվածքը ստացել է հունիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուն գնալիս իրենց շենքին հարակից քանդված մանկապարտեզի մոտ գլխապտույտ ունենալու հետեւանքով հավասարակշռությունը կորցնելու եւ քարակույտերի վրա ընկնելու հետեւանքով:
Հունիսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի քաղաքապետարանի մոտ Մկրտիչ Հ.-ն վիճաբանել է 27-ամյա Կարապետ Հ.-ի հետ, նրանք մոտ տասը րոպե հայհոյանքներ են տվել եւ հարվածներ հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ՝ այդ ընթացքում Կարապետ Հ.-ն դանակով հարվածել է Մկրտիչ Հ.-ի գոտկային մասին, ապա նույն դանակով անզգուշաբար հարվածել է նաեւ նշված վայրում գտնվող եւ կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած 23-ամյա Ռոման Գ.-ի ձախ նախաբազկին եւ պատճառել վնասվածք:
Ռոման Գ.-ն հունիսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում բուժօգնության էր դիմել Արարատի հիվանդանոց եւ մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի երկաթգծի մոտ գտնվող փշալարերի վրա ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



























