Միջազգային քրեական դատարանի 4 աշխատակիցներ, որոնք լիբիական գրոհայինների կողմից ձերբակալվել էին Զինթան քաղաքում, 45 օրով կալանավորվել են: Այդ մասին հայտնում է ՎԶԳԼՅԱԴ թերթը` վկայակոչելով Agence France Pressse-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիան հրաժարվել է ազատել Միջազգային քրեական դատարանի 4 աշխատակիցներին մինչեւ նախնական հետաքննության ավարտը: Ձերբակալվածների շարքում է նաեւ ռուս Ալեքսանդր Խոդոկովը:

Բացի ռուսից, ձերբակալվել են Լիբանանի քաղաքացուհի Հելենա Ասաֆը, որը ՄՔԴ-ի թարգմանչուհին է 2005 թվականից, Իրավաբանական ուղեկցման բաժանմունքի ղեկավար իսպանացի Էստեբան Պերալտու Լոսիլան եւ ավստրալուհի Մելինդա Թեյլորը, որը Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամի փաստաբանների խմբի մեջ է մտնում: Նրանց մեղադրում են Ս. Քադաֆիին  «վտանգավոր» փաստաթղթեր փոխանցելու մեջ:

ՄՔԴ-ի 4 աշխատակիցները լիբիական Զինթան քաղաք ժամանած պատվիրակության կազմում են եղել` նախորդ տարի զոհված Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամի հետ հանդիպման համար, որը միջազգային դատարանի կողմից մեղադրվում է  անցյալ տարի երկրում զինված հակամարտության ժամանակ մարդկության դեմ հանցագործության մեջ: