Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին, ընդունել է Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին եւ գոհունակությամբ արձանագրել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը դրա վկայությունն է համարել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավապահպանության, հայ-չինական վերընթաց զարգացող համագործակցությունը:
Հանրապետության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու այդ գործընթացը:
Չինաստանի գլխավոր դատախազը երկու երկրների գլխավոր դատախազությունների փոխգործակցության զարգացման եւ փորձի փոխանակման տեսանկյունից կարեւորել է այսօր ՀՀ եւ ՉԺՀ գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրված համագործակցության ծրագիրը, նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ դեռեւս 1999 թվականից սկիզբ առած համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է՝ նպաստելով հայ-չինական երկկողմ կապերի առավել սերտացմանը:




























