Հունական նեոֆաշիստ Իլիաս Կասիդիարիսը խուսափել է քրեական պատասխանատվությունից հեռուստատեսության ուղիղ եթերում կին ծեծելու համար եւ կարող է իր թեկնածությունը դնել հունիսի 17-ի կրկնակի ընտրություններին:
Նա օգտվել է այն օրենքից, ըստ որի ձերբակալությունը եւ դատը համեմատաբար թեթեւ քրեական հանցագործությունների համար հնարավոր են միայն 2 օրվա ընթացքում: Կասիդիարիսը թաքնվում է արդարադատությունից հունիսի 7-ից, երբ տեղի էր ունեցել դեպքը, եւ նրան չի հաջողվել ձերբակալել: Քրեական դատարանը հունիսի 11-ին դատ է նշանակել Կասիդիարիսի դեմ սեպտեմբերի 3-ին, որը չի խանգարում նրան մասնակցել կայանալիք ընտրություններին:
Կասիդիարիսն անձամբ հայտարարում է, որ ծեծի ենթարկված կին պատգամավորն անձամբ է իրեն հրահրել: «Ոսկե այգաբաց» նեոֆաշիստական կուսակցությունը նաեւ հայտարարել էր, որ Կանելին առաջինն է հարձակվել` պատգամավորի վրա փաստաթղթեր նետելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իլիաս Կասիդիարիսն ուղիղ եթերում անկարգություն էր արել, նա կռվել էր երկու կանանց հետ: Դատախազությունը նրա ձերբակալման հրաման էր արձակել:
Հեռուստաալիքի տեսագրությունը հաստատում է, որ ՍԻՐԻԶԱ ձախ կուսակցության պատգամավոր կանանցից մեկի վրա Կասիդիարիսը ջրով բաժակ է նետել, իսկ հետո մի քանի անգամ հարվածել է մյուս կնոջը` կոմունիստ պատգամավոր Լիանա Կանելիին: Դրանից հետո Կասիդիարիսը լքել է ստուդիան:



























