Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը վրդովված է իր եւ այլ ընդդիմադիրների դեմ սկսված բռնություններով: Նրա խոսքով, խուզարկության ժամանակ իրեն թույլ չեն տվել հագնվել, իսկ խուզարկությունից հետո ինքը պարզել է, որ կորել են բոլոր փողերը:
@xenia_sobchak. «Ներխուժեցին մարդիկ, թույլ չտվեցին հագնվեմ, կողոպտեցին բնակարանն ու ստորացրին»:
Սոբչակը պատմել է, որ իրեն այցելած ուժային կառույցների ներկայացուցիչները բարձրաձայն կարդացել են իր անձնական նամակները եւ «հռհռացել են» դրանց վրա: Բացի այդ, իրեն խորհուրդ են տվել փոխել շրջապատը եւ հանդիպել «հուսալի չեկիստի» հետ, հաղորդում է НТВ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քսենյա Սոբչակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել են 1,5 միլիոն եվրո:
Հեռուստահաղորդավարուհին «Էխո Մոսվկիին» հաստատել է, որ քննիչները առգրավել են իր բոլոր գումարները, սակայն գումարի չափը չի նշել: Twitter-ի իր բլոգում Քսենյան գրել է, որ չի վստահում բանկերին եւ խնայողությունները տանն է պահում:
@xenia_sobchak. «Իմ տարեկան եկամուտը ավելի քան 2 մլն է: Ես իրավունք չունե՞մ տանը մապեմ փողերս, եթե չեմ վստահում բանկերին»:
Սոբչակը, ինչպես նաեւ ընդդիմադիր շարժման այլ մասնակիցներ, վստահ են, որ վաղը տեղի ունենալիք իր հարցաքննությունը մեկ նպատակ է հետապնդում. Թույլ չտալ իրեն մասնակցել «Միլիոնների երթին»: Երթից անմիջապես առաջ Սոբչակի հետ քննչական կոմիտե պետք է ներկայանան նաեւ Ալեքսեյ Նավալնին, Սերգեյ Ուդալցովը եւ Իլյա Յաշինը: Նրանց բնակարաններում եւս խուզարկություններ են կատարվել:




























