Հայ ազգային կոնգրեսը առաջիկա իր հանրահավաքում կամփոփի խորհրդարանական ընտրությունները եւ գնահատական կտա արտաքին քաղաքականությանը` ԼՂ կարգավորման մասով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Հանրահավաքի անցկացումը պայմանավորված է նրանով, որ, վերջապես, ավարտվել են խորհրդարանական ընտրությունները եւ դրանում, հնարավոր է, հնչի հաշտության նման ինչ-որ բան: Եվ հենց դրանով է ՀԱԿ-ն ուզում ներկայալ իր ընտրազանգվածին:
Դրանից զատ, հունիսի 18-ին, Փարիզում, տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Դրա հետ կապված ՀԱԿ-ը կփորձի ամբողջությամբ ներկայացնել իր տեսակետը»,-նշեց քաղաքագետը:
Հարցին, թե որքան է հավանականությունը, որ հանրահավաքի նպատակն իրենց ընտրազանգվածին իրենց շուրջ կրկին համախմբելն է, Բոզոյանը պատասխանեց. «Ընտրազանգվածը հիասթափվում է տարբեր քաղաքական ուժերից տարբեր պատճառներով:
Ներկայումս ընտրազանգվածն իշխանությունից հիասթափված է, քանի որ չի բարելավվում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իսկ ընդդիմությունից էլ հիասթափված է, որովհետեւ վերջինս չկարողացավ կանխել իշխանությունների գործողությունները: Բայց որքան էլ ընտրազանգվածը հիասթափված լինի քաղաքական այլընտրանքի բացակայությունից, այսօր, ըստ էության, ՀԱԿ-ին հաջողվում է պահպանել իր կողմնակիցների միջուկը»:
Բոզոյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց նոր, ծանրակշիռ քաղաքական բեւեռի ստեղծման անհրաժեշտության վրա, որի ազդեցությունն իշխանությունների վրա էական կլինի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը տեղի կունենա հունիսի 26-ին:




























