Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսը գրանցվել է պետության ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու: Այդ մասին հայտնում է BBC News-ը:

Ուգո Չավեսը Վենեսուելայի նախագահն է 1999 թվականից: 57-ամյա քաղաքական գործիչը պատրաստվում է պայքարել 2012 թվականի հոկտեմբերի 7-ի նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար: Նրա թեկնածության գրանցման օրը Կարակասի փողոցներ են դուրս եկել պետության ղեկավարի հազարավոր կողմնակիցներ: Չավեսը ոչ միայն ճառով դիմել է նրանց, այլեւ նրանց առջեւ կատարել է ժողովրդական երգ եւ պարել:

Վերջին ժամանակներս Չավեսը հազվադեպ է երեւում հասարակության մեջ` կապված քաղցկեղի վիրահատության եւ հետագա վերականգնողական բուժման հետ:

Չավեսի գլխավոր հակառակորդ է համարվում Միրանդա նահանգի 39-ամյա նախկին նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, որին ընդդիմությունն առաջադրել է որպես միասնական թեկնածու: Հունիսի 10-ին Կապրիլեսը նույնպես գրանցվել է որպես նախագահի թեկնածու, որից հետո Կարակասում տեղի են ունեցել նրան աջակցող  հավաքներ: Ակցիային մասնակցել են մի քանի հազար մարդ, հաղորդում է Lenta.ru-ն: