ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հունիսի 12-ի հանրահավաքի նախօրեին ռուս ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նման գործողությունների շարքին Նուլանդը դասել է «տներում խուզարկությունները եւ Մոսկվայում մայիսի 6-ի հանրահավաքից հետո մի քանի հոգու ձերբակալությունները» , գրում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Նուլանդի խոսքով` ընդդիմության առաջնորդները, ովքեր նախապատրաստում էին հունիսի 12-ի հանրահավաքը, ոստիկանություն հարցաքննության են կանչվում հանրահավաքն սկսելուց մեկ ժամ առաջ, ինչն ակնհայտ արվում է նրանց մասնակցությունը թույլ չտալու համար:
Նուլանդը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գծով տեղակալ Թոմ Մելիան մտադիր է այցելել Մոսկվա եւ ռուսական իշխանությունների հետ քննարկել ընդդիմադիր ուժերի առաջնորդների ձերբակալությունների եւ նրանց բնակարանների խուզարկության հարցերը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք դա արդեն քննարկում ենք ռուսական կողմի հետ այստեղ եւ Մոսկվայում», - հստակեցրել է Նուլանդը: Նրա խոսքով` Մելիայի այցը նշանակված է հունիսի 13-14-ին: «Հարցերի լայն շրջանակով» բանակցությունների ընթացում նա կշոշափի խուզարկության թեման:




























