Եմենի բանակը գրոհայիններից ազատել է Աբյան նահանգի Ջաար քաղաքը: Գործողության ընթացքում ոչնչացվել են առնվազն 24 գրոհայիններ, որոնք կապված էին «Ալ-Կաիդայի» հետ: Ծայրահեղականների մի մասը փախել է քաղաքից:
Եմենի իշխանությունները փորձում են վերականգնել վերահսկողությունը Աբյան հարավային նահանգի մի շարք քաղաքների նկատմամբ, որոնք 2011թ. գրավվել էին ծայրահեղականների կողմից` նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի դեմ զանգվածային ելույթների ժամանակ: Զանգվածային հարձակումը սկսվել էր մայիսի 12-ին:
Ցամաքային ուժերի թվաքանակը հասնում է 25 հազարի, նրան աջակցում են հրետանին եւ ավիացիան, այդ թվում` ամերիկյան անօդաչու թռչող սարքերը:
Եմենի ՊՆ ներկայացուցիչները պնդում են, որ բանակին գրեթե ամբողջությամբ հաջողվել է վերականգնել հսկողությունը Զինջիբարի նկատմամբ:




























