Կամ մենք պետք է գնանք մեծ զիջումների, ինչը չի լինի, կամ բախումն անխուսափելի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ պահեստային մայոր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից վերջին շաբաթների ընթացքում սահմանային դիվերսիաներին:

Նրա գնահատմամբ,  թե’ Ղարաբաղը, թե’ Հայաստանը պատրաստ են բախմանը, բայց, եթե այս պատերազմը լինի, Հայաստանի նախկին իշխանությունները, որպես հանցագործներ, պետք  է դատապարտվեն:

Ադրբեջանի կողմից սահմանային դիվերսիաներին Հայաստանի պատասխանը Պավել Մանուկյանի համար թույլ է, թեեւ գուցե այն համարժեք է այսօրվա իրավիճակից ելնելով:

«Մենք թույլ չպետք է լինենք:  Ինչ-որ տեղ կարելի է համարժեք համարել այդ պատասխանը, բայց ինձ համար դա շատ թույլ է: Պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակվելն է»,-ասաց նա:

Զինվորական գործի մասնագետը կարծիք հայտնեց, որ սահմանային դիվերսիայում հարվածը լինելու է Ղարաբաղի հարավային շրջանների վրա՝ Ֆիզուլիի ուղղությամբ:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ բանակ եկած տղաներն անփորձ են, մինչ զինվոր դառնան, նրանց կեսի կեսն է մնալու, իսկ իրենց  հին տղաների ներկայությունն է անհրաժեշտ: Նա վստահ է, որ  «թեթեւ կրակոցի դեպքում նրանք նորից շարքում են լինելու, նրանք զայրացած են, բայց հիասթափված չեն»:

Պավել Մանուկյանը նշեց, որ այժմ գնացքը սխալ ուղղությամբ է գնում, բայց իրենք «պետք է մարմնով ծածկեն ռելսերը, որովհետեւ գնացքի մեջ մեր երեխաներն են»: