Հայ ազգային կոնգրեսի կառույցները կդառնան ՀԱԿ պատգամավորների գրասենյակներ: Այս մասին, այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հավելելով, որ այդ գրասենյակներ քաղաքացիները կարող են մտնել համոզումով, որ իրենց բարձրացրած հարցը մտնելու է Ազգային ժողով:
«Այս չարաբաստիկ ընտրություններից հետո գտնվում ենք նոր փուլում, որի կարեւոր բաղադրիչն այն է, որ պետականորեն կազմակերպված կեղծիքների արդյունքում ՀԱԿ-ն ունի յոթ պատգամավոր»,-ասաց նա:
Նրա խոսքով, իրենց աշխատանքը լինելու է ժողովրդի շահերից բխող, իրենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեն, իշխանությունների կոռուպցիայի բացահայտումներով հանդես կգան եւ անխնա կքննադատեն իշխանությունների գործունեությունը:
«Մենք յոթ հոգով պատրաստ ենք այդ ծանր բեռը տանել»,- նշեց Լեւոն Զուրաբյանը, հավելելով, որ իրենք ընտրական հանձնաժողովներում ունենալու են իրենց ներկայացուցիչները եւ 2 հազար մարդու դիմումներ ուղարկել են լիցենզավորման դասընթացների:
Միաժամանակ, ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ը չի լինելու կլասիկ խորհրդարանական ուժ եւ չի դադարեցնելու հանրահավաքները:
«Եթե ընտրությունները չկեղծվեին, մենք կունենայինք 40-50 պատգամավոր: Եթե այդ թվով մտնեինք խորհրդարան, կդադարեցնեինք հանրահավաքները եւ կդառնայինք խորհրդարանական ընդդիմություն»,-ասաց նա, հիշեցնելով, որ հունիսի 26-ին տեղի կունենա ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, որտեղ կանդրադառնան նոր կառավարությանը:




























