«Անձրեւ» հեռուստաալիքը եւ «Նովայա գազետան», որոնք հեռարձակում էին  «Միլիոնների երթը», հայտարարել են իրենց կայքերի վրա հարձակման մասին:

«Անձրեւի» գլխավոր խմբագիր Միխայիլ Զիգարի խոսքով` գրոհն սկսվել է  մոսկովյան ժամանակով ժամը առավոտյան 11-ին:

«Մեզ DDos-ում են, եւ պարբերաբար կայքը կարող է չաշխատել բայց մենք կպայքարենք դրա դեմ», -ասվում է հեռուստաալիքի միկրոբլոգում:

«Նովայա գազետան» իր թվիթերում հաստատել է կայքի վրա DDoS գրոհի փաստը եւ կոչ արել ընթերցողներին հեռարձակմանը հետեւել հրատարակչության Facebook-ի էջում, գրում է  AFN-ը:

Բացի այդ, DDoS գրոհների մասին հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Վլադիմիր Վարֆոլոմեեւը:

 «Մեզ DDoS-ում են, բայց մենք կարողանում ենք դիմադրել: Կայքը հասանելի է, բայց կարող է դանդաղել», - գրել է նա:
Հիշեցնենք, մայիսի 6-ին  առաջին «Միլիոնների երթի» ժամանակ DDoS գրոհների էին ենթարկվել ռուսական մի շարք լրատվամիջոցների կայքեր: