Մոսկվան պատրաստ է հյուրընկալել Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսը: Այդ մասին, լրագրողներին, այսօր` հունիսի 12-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստին առաջարկել էր կոնֆերանս անցկացնել սիրիական խնդրով, որտեղ կարող էին մասնակցել սիրիական ուժերի վրա ազդեցություն ունեցող երկրները:
Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ կոնֆերանս անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը «միակ ձեւաչափն է աջակցելու ԱԽ-ի բանաձեւի իրականացմանը, որը հավանություն էր տվել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծին»: Նախարարը կոնֆերանսը հակադրել է «Սիրիայի բարեկամների խմբի» կոնֆերանսին, որն ըստ նրա, «Սիրիական ազգային խորհրդի բարեկամների խումբն է»:
Ըստ ռուսական կողմի` կոնֆերանսին կարող էին մասնակցել 15 երկիր` ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամները: Մշտական անդամներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ինչպես նաեւ Քաթարը եւ Սաուդյան Արաբիան, Սիրիայի հարեւանները` Լիբանանը, Հորդանանը, Իրաքը, Թուրքիան եւ Իրանը, որը, ինչպես նշել է Լավրովը, պարտավոր է մասնակցել այդ կոնֆերանսին: Կոնֆերանսին պետք է մասնակցեն նաեւ միջազգային կազմակերպությունները` ԱԵԼ-ը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը, որի հովանու ներքո էլ պետք է տեղի ունենա կոնֆերանսը:




























