Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի եւ ակտիվիստ Քսենյա Սոբչակին Ռուսաստանի քննչական կոմիտեում հարցաքննել են մի քանի ժամ: Twitter-ի իր էջում նա գրել է, որ հարցաքննության է գնացել այսօր` հունիսի 12-ի առավոտյան ժամը 11-ին եւ այնտեղից դուրս է եկել 16:15-ին:
«Երբ արտահայտում ես քո քաղաքացիական դիրքորոշումը` աշխատանքի հույս չունենաս»,-գրել է Սոբչակը եւ հվելել. «Եվ դա այն դեպքում, երբ ինձ բարի քննիչ էր պատահել»:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դուրս գալով քննիչ մոտից, Սոբչակը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ, միայն ասել է, որ գնում է Սախարովի անվան հրապարակ, որտեղ այդ պահին արդեն ավարտվել էր ընդդիմության հանրահավաքը եւ սկսվել էր համերգը:
Մի քանի ժամ անց լրագրողուհին իր Twitter-ում գրել է, որ հարցաքննության ժամանակ իրենից վերցրել են համակարգիչը, բջջային հեռախոսը եւ հեռախոսագիրքը, ինչպես նաեւ արտասահմանյան անձնագիրը: Դա, փաստացի, նշանակում է, որ Սոբչակը չի կարող որեւէ տեղ մեկնել, թեեւ երկրից չհեռանալու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ գործով մեղադրյալ չի համարվում:
Միաժամանակ, նա ոչ մի բան չի ասել նախատեսվող հարկային ստուգման մասին: Ընդդիմության լիդերներից մեկը, «Համերաշխություն» շարժման ղեկավար Իլյա Յաշինը, ով նույնպես կանչվել էր հարցաքննության, հայտարարել է, որ իրեն, ինչպես նաեւ ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիին եւ Սերգեյ Ուդալցովին պատրաստվում են մեղադրել Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Նա կարծիք է հայտնել, որ քննությունն այդպիսի քաղաքական պատվեր է ստացել:




























