Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի, լիագումար նիստում, հունիսի 12-ին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային քննարկումների ժամանակ 7 խմբակցությունների, այդ թվում «Լիկուդի» ներկայացուցիչները հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, ով մի քանի րոպե առաջ է դուրս եկել Կնեսետից:

«Դեմ են հանդես եկել միայն մեկ խմբակցության պատգամավորներ: Քվեարկություն տեղի չունեցավ, որոշվեց այդ հարցն ուղարկել խորհրդարանի կրթության հանձնաժողով, որը հրապարակային քննարկումներ է կազմակերպում»,-ասաց Շիրվանյանը, հավելելով, որ դեռ անհայտ է, թե երբ տեղի կունենան քննարկումները:

Հարցին, թե որքան է հավանականությունը, որ այս անգամ Կնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, լավատեսությամբ լի Արիս Շիրվանյանը պատասխանեց. «Շատ բարձր է: Այս անգամ ամեն ինչ շատ հարթ է ընթանում եւ հուսադրող է: Այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ կառավարությունը «կանաչ լույս» է վառել դեմ չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Նշենք, որ քննարկումների նախաձեռնողը Կնեսետի պատգամավորը ՄԵՐԵՑ կուսակցության պատգամավոր Զահավա Գալյոնն է: