Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հունիսի 13-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ եւ հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումից, գործարարների միջեւ սերտ կապերի հաստատումից ու տնտեսությունների մասին փոխադարձ տեղեկատվության ապահովումից հետո, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում կարող է ակտիվ համագործակցություն ձեւավորվել:
Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Երեւանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ առանձին նախարարությունների, գերատեսչությունների եւ գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրություններն ու փոխգործակցության հնարավորությունները: Նա վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների նախագահների աջակցությամբ կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու եւ ամրապնդելու Հայաստանի եւ Էկվադորի միջեւ կապերը:




























