Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը դեռ նոր է թափ հավաքում, Ուկրաինայում եւ Լեհաստանում վերլուծություններ են հրապարակվում, թե որքանո՞վ այդ առաջնությունը եկամտաբեր կլինի երկրի համար:

Արդեն հայտնի է, որ «Եվրո-2012»-ը ամենաթանկ առաջնությունն է նախորդների համեմատ: Նախապատրաստման համար Լեհաստանը ծախսել է 25 մլրդ եվրո, իսկ Ուկրաինան` 11 մլրդ եվրո: Սակայն Լեհաստանի տնտեսությունը համեմատաբար հեշտ է մարսել այդ գումարները, քանի որ ավելի զարգացած է, իսկ բյուջեն անհամեմատ մեծ է: Հատկապես Ուկրաինայում մտավախությունները մեծ են, որ առաջնությունը վնասաբեր է լինելու: Շատերը սկսել են հիշել 2004 թ. Հունաստանում անցկացված օլիմպիադան, երբ երկիրը ծախսեց 7 մլրդ եվրո, բայց ստացավ 1.5 մլրդ եվրո եկամուտ: Ու այդ վնասը առանցքային դեր խաղաց երկրի ներկայիս ֆինանսական խնդիրների սրման առումով: Ճիշտ է` այն ներդրումները, որ կատարվել են ենթակառուցվածքները զարգացնելու համար, դեռ երկար կծառայեն երկրին, կնպաստեն զբոսաշրջության աճին, սակայն ուկրաինացի վերլուծաբանները նշում են, որ երկիրը արդեն 2012 թ. զգալի միջոցներ պետք է հատկացնի բյուջետային պարտքերը մարելու համար ու արտարժութային միջոցների պակաս է զգում:

Փոխարենը` զգալի եկամուտներ կստանա ՈւԵՖԱ-ն, որին պատկանում է խաղերի հեռարձակման վաճառքի իրավունքը: Կազմակերպության եկամուտները կլինեն ռեկորդային` 1.35 մլրդ եվրո, որից 840 մլն եվրոն  կստացվի հեռարձակման իրավունքների վաճառքներից: Սպասվում է, որ մարզադաշտ կայցելեն մոտ 1.4 մլն ֆուտբոլասերներ, իսկ դա ՈՒԵՖԱ-ի համար կապահովի 125 մլն եվրո եկամուտ` 24% -ով գերազանցելով նախորդ առաջնության եկամուտները: Փոխարենը կպակասեն հովանավորչությունից ստացվող եկամուտները` 290 մլն եվրո, որը 1.4%-ով զիջում է Եվրո-2008-ի ցուցանիշին: