Ռուսաստանի ընդդիմությունը պատրաստվում է աշնանը դաշնային հեռուստաալիքներին եւ հանրային հեռուստատեսությանն այլընտրանք հանդիսացող ինտերնետային հեռուստաալիք ստեղծել: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է ընդդիմության առաջնորդներից Դմիտրի Գուդկովը:
«Շեշտը կդրվի կոնտենտի եւ պատկերի բարձր որակի վրա: Միայն այդպես է հնարավոր գրավել քաղաքացիների համակրանքը, որոնցից էլ կախված կլինի նախագծի ֆինանսավորումը»,-ասել է նա, հավելելով, որ հեռուստադիտողները կարող են ընտրել թեմաները, քվեարկել հեռուստահաղորդավարների եւ ծրագրերի հեղինակների համար:
Կոնտենտ ստեղծելու համար կհրավիրվեն անկախ լրագրողներ, ովքեր համաձայն չեն վարվող պետական քարոզչության հետ: Աշխատանքներին կարող են միանալ լրագրող Անդրեյ Լոշակը, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին:
Հանրային ինտերնետ հեռուստատեսության առաջին ծրագիրը կթողարկվի սեպտեմբերին:
Նոր հեռուստատեսության ֆինանսավորումը տեղի կունենա հեռուստադիտողների հաշվին: Պատգամավորը կարծում է, որ հեռուստաալիքի աշխատանքի արժեքը ամսական կկազմի մոտ 100 մլն ռուբլի եւ վստահ է, որ երկրում կգտնվի մեկ մլն մարդ, ովքեր պատրաստ են այդ հեռուստաալիքի համար վճարել ամսական 100 ռուբլի:
Գուդկովի խոսքով, շատ հայտնի լրագրողներ, ովքեր այսօր աշխատում են «Առաջին ալիք»-ում եւ «Ռոսիա»-ում, պատրաստ են տեղափոխվել նոր հեռուստաալիք, երբ այն սկսի իր աշխատանքը:




























