Վերջին չորս տարիներին ԱՄՆ-ը համացանցի ազատության աջակցության համար 76 միլիոն դոլար է ծախսել, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում համացանցի վրա սահմանափակումներ ունեցող երկրների բնակիչներին ցանց մտնելու եւ հիմնարար ազատության գաղափարը ըմբռնելու հնարավորություն ընձեռելու համար: «Այդ ծրագրերը վերաբերում են մասնավորապես Սիրիային», - հայտարարել է Նուլանդը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն իր հիմնական սկզբունքներից մեկն է հռչակել համացանցում ազատության աջակցումը եւ սոցիալական լրատվամիջոցների զարգացումը, հաղորդում է BBC-ն:
Միայն այս տարի համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվում է ծախսել 25 միլիոն դոլար:




























