Եգիպտոսի «Ազատության եւ արդարության կուսակցության» («Մահմեդական եղբայրների» քաղաքական թեւը) փոխնախագահ Մոհամմեդ ալ Բելթաղին հայտարարել է, թե խորհրդարանի ստորին պալատի ցրումը «իսկական պետական հեղաշրջում» է: Այդ մասին հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Նշենք, որ հունիսի 14-ին Եգիպտոսի Սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները: ՍԴ որոշման համաձայն, չեղյալ պետք է համարվի խորհրդարանի պատգամավորների 1/3-ի ընտրությունը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում առավել հաջողության էին հասել «Ազատության եւ արդարության կուսակցության» թեկնածուները, որոնք ներկայացնում են իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» շարժման շահերը:

Այժմ «Մահմեդական եղբայրները» որոշում են, թե ինչպես արձագանքեն ՍԴ որոշմանը: Շարժումը կարող է չենթարկվել որոշմանը:

Բացի այդ, Եգիպտոսում գործող «անցումային» սահմանադրությունը իշխանության որեւէ մարմնի թույլ չի տալիս ցրել խորհրդարանը:

Նշենք, որ հունիսի 16-17-ին կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են իսլամիստ Մոհամեդ Մուրսին եւ գեներալիտետի ներկայացուցիչ Ահմեդ Շաֆիկը: