Սիրիայի իշխանությունները, արտաքին միջամտության բացակայության եւ ընդդիմությանը չօգնելու դեպքում, ի վիճակի են կարճ ժամանակում կարգավորել իրավիճակը երկրում: Այսօր` հունիսի 15-ին, մամուլի ասուլիսում, նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Միաժամանակ, փորձագետը նշել է պոտենցիալ վտանգի մասին, եթե իշխանության գա արմատական ընդդիմությունը: «Այդ վտանգը գիտակցում են նաեւ Սիրիայի սահմաններից դուրս, այդ թվում Արեւմուտքում: Դրա համար է, թեեւ Արեւմուտքը բարոյական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմությանը, սակայն զենքով նրանց օգնում են միայն Սաուդյան Արաբիան եւ Քաթարը:

Նույնիսկ Թուրքիան նրանց չի զինում»,-նշել է Պետրոսյանը:

Հարցին, թե Բաշար Ասադն ի վերջո կհեռացվի՞ պաշտոնից, փորձագետը հույս հայտնեց, որ բոլոր իրադարձությունների արդյունքում, հնարավոր է, ներկա վարչակազմը մնա իշխանության: «Բայց անձամբ Ասադը եւ նրա աջակիցները կհեռացվեն իշխանությունից»,-հավելեց նա:

Իր հերթին, իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշել է, որ Սիրիայում հակամարտությունը պետք էր նրանց, ովքեր ուզում են այդ երկիրը թուլանա ու ավելի կառավարելի դառնա: