«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը` 70 ուղեւորով այսօր` հունիսի 15-ին,  այս տարի առաջին անգամ Երեւանից ուղեւորվել է Բաթումի: NEWS.am-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնեցին, որ  2012-ի ամառային սեզոնի գլխավոր նորամուծությունն է տոմսերի օնլայն վաճառքը www.ukzhd.am կայքից: Այժմ ուղեւորները կարող են տոմսերը ձեռք բերել անձնական կամ աշխատանքային համակարգչի միջոցով:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը նշել է, որ այս տարի էապես կրճատվել է ֆիրմային գնացքի երթեւեկության ժամանակը: Այժմ այն կազմում է 16 ժամ 10 րոպե, այն դեպքում, երբ 4 տարի առաջ այն կազմում էր մոտ 20 ժամ:

Պլացկարտ տոմսի արժեքը կազմում է մոտ 10 հազ. դրամ, հասարակ կուպեի տոմսն արժե 14 հազ. դրամ, բարձր հարմարավետությամբ կուպեների տոմսը՝ 16 հազ. դրամ: Իսկ ննջավագոնի տոմսերի արժեքը 2011-ի հետ համեմատ էժանացել է 10%-ով՝ այս տարի կազմելով 24 հազ. դրամ:

Նշենք, որ «Արմենիա» ֆիրմային գնացքը գործում է ամեն օր՝ հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Գնացքի կազմում լիովին վերանորոգված են կուպեները եւ ննջավագոնները, որոնք հագեցած են օդափոխության համակարգով: